Sep 6, 2012

Նվաստացում և ստորացում խորհրդարանում

Հայաստանի Ազգային ժողովը երեկ մի քանի ժամ տևած արտահերթ նիստի ընթացքում ընդունեց մի հայտարարություն, որով դատապարտում է ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի որոշումը, ինչպես նաև Սաֆարովին ազատելու Ադրբեջանի քայլը` կոչ անելով այլ երկրների խորհրդարաններին ու միջազգային կազմակերպություններին ևս դատապարտել կատարվածը: Այս հայտարարությունը, որ ընդունել է ԱԺ-ն, կարելի է վստահաբար համարել անատամ, ոչինչ չասող, ըստ էության ոչ մի քաղաքական նշանակություն չունեցող, իսկ իր ընդունման ձևի մեջ էլ պարզապես անլուրջ մի փաստաթուղթ, որը բացի ծիծաղից, հավանաբար որևէ այլ վերաբերմունքի չի արժանանա որևէ երկրի խորհրդարանում կամ միջազգային կազմակերպությունում:

Բանն այն է, որ աշխարհում լուրջ վերաբերմունքի արժանանում են լուրջ տեքստերը, որոնք իրենց մեջ պարունակում են քաղաքական ակտ: Ինքնին տեքստի ընդունումը քաղաքական ակտ չի կարող լինել, որովհետև կարևոր է, թե ինչ բովանդակություն կա դրա մեջ: Հայաստանի խորհրդարանի ընդունածի մեջ չկա ոչ մի բովանդակություն: Բանն այն է, որ մեղմ ասած` անլուրջ է բովանդակություն համարել խորհրդարանական մակարդակով ընդունած մի հայտարարություն, որում չկա ոչ մի նոր բառ անգամ` ի տարբերություն այն ամենի, ինչ հնչել է անցած օրերին տարբեր շուրթերից: Այլ կերպ ասած` Հայաստանի խորհրդարանն ընդամենը ծաղկաքաղով է զբաղված, ինչի պարագայում երևի թե ավելի օգտավետ կլիներ, որ խորհրդարանականները գնային և բերքահավաքով զբաղվեին, գոնե օգնելով գյուղացիներին:

Եվ այս ամենում, առանձնապես հետաքրքրական է ընդդիմադիր ուժերի կամ այսպես կոչված` ընդդիմադիր ուժերի դերը, որոնք միասնականության կեղծ արդարացումների ներքո մեծամասնության նման կողմ են քվեարկել այդ ոչինչ չասող հայտարարությանը: Մեծամասնության պարագայում ամեն ինչ հասկանալի է, ավելին սպասել էլ պետք չէ մի կառույցի մեծամասնությունից, որը վերարտադրվել է գործադիր իշխանության որոշումները դակելու համար, դրա դիմաց ստանալով տարատեսակ իշխանական քվոտաներ: Սակայն ինչ ասել ընդդիմության, կամ ընդդիմադիր ներկայացող ուժերի մասին, որոնք խորհրդարանական ամբիոնից պոպուլիստական ելույթներ են ունենում և խոսում Հայաստանի դասերի, հետևությունների, եզրակացությունների և լրջության մասին, որոնց ներկայացուցիչները հայտարարում են, որ Հայաստանը չի կարող նվաստացած կամ ստորացված պետություն լինել, սակայն այդ ամենից հետո սեղմում են կոճակն ու ըստ էության շարունակում Հայաստանի նվաստացումն ու ստորացումը:

Նյութի աղբյուր՝ 1in.am